«ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ը կմասնակցի ապահովագրական շուկաների ստանդարտացմանը նվիրված պանելային քննարկմանը

«ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ընկերությունը կմասնակցի InsureTek Armenia 2026 միջազգային համաժողովին, որը մեկ հարթակում կհամախմբի ապահովագրական ոլորտի առաջնորդներին, տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներին, կարգավորող մարմիններին և փորձագետներին՝ քննարկելու ապահովագրության ապագան և ոլորտի թվային վերափոխման հեռանկարները։

Համաժողովի շրջանակում ընկերության գործադիր տնօրեն Արթուր Մկրտչյանը կմասնակցի «Standardization Across Borders» («Ստանդարտացում՝ առանց սահմանների») խորագրով պանելային քննարկմանը, որը նվիրված է ապահովագրական շուկաների ստանդարտացման և փոխգործունակության հարցերին։ Քննարկման ընթացքում կանդրադառնան սահմանահատող ապահովագրական գործունեության կարգավորման միջազգային փորձին, API-ների ստանդարտացմանը, տարբեր շուկաների միջև տվյալների փոխանակմանը, փոխգործունակ ապահովագրական էկոհամակարգերի ձևավորմանը, ինչպես նաև արհեստական բանականության և ավտոմատացման դերին ժամանակակից ապահովագրական ենթակառուցվածքներում։

Մեկնաբանելով համաժողովին մասնակցությունը՝ Արթուր Մկրտչյանը նշել է․

«ՌԵԳՈ ԻՆՇՈւՐԱՆՍ»-ը մասնակցում է InsureTek Armenia ֆորումին՝ կարևորելով ապահովագրության ոլորտում նորարարությունների և թվային լուծումների զարգացումը։ Մեզ համար սա մասնագիտական փորձի փոխանակման, միջազգային գործընկերների հետ համագործակցության և ոլորտի ապագա միտումները քննարկելու կարևոր հարթակ է։

Վստահ ենք, որ ժամանակակից ինշուրթեք լուծումները կարող են էապես փոխել հաճախորդների փորձառությունը՝ ապահովագրությունը դարձնելով ավելի հասանելի, արագ և արդյունավետ։ Միաժամանակ, նման նախաձեռնությունները նպաստում են նաև ապահովագրական մշակույթի զարգացմանն ու հանրային պատասխանատվության բարձրացմանը, ինչը կարևոր նշանակություն ունի առավել անվտանգ և վստահելի միջավայր ձևավորելու համար»։